Շրի Լանկայում ցանկանում են դատել ոստիկանության ղեկավարին եւ պաշտպանության նախարարին՝ «մարդկության դեմ հանցանքի» համար: Վերջիններս չեն կարողացել կանխել Զատկի օրը տեղի ունեցած ահաբեկչությունները: Այս մասին հայտարարել է պետական մեղադրող Դապպուլ դե Լիվերան, հաղորդում է AFP-ը:
Նրա խոսքով՝ ոստիկանության գլխավոր տեսուչ Պուջիտ Ջայասունդարան ու պաշտպանության նախարար Խեմասիրի Ֆերնանդոն ուշադրություն չեն դարձրել ահաբեկչության մասին զգուշացումներին:
Պետական մեղադրողի խոսքով՝ նրանց անփութությունը լուրջ հանցանք է մարդկության դեմ:
Լիվերայի խոսքով՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար բավարար ապացույցներ կան:
Պաշտոնյաներին կարող է մինչեւ 52 տարվա ազատազրկում սպառնալ:




























