Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, լրագրող Եվա Մերկաչեւան հայտարարել է, որ Առաջին ալիքի եթերից հետո իրեն սպառնացել է Արսեն Խաչատրյանը՝ Միխայիլ Խաչատրյանի զարմիկը, որի սպանության մեջ են մեղադրում նրա երեք դուստրերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խաչատրյան քույրերի պատմության հանդեպ իմ վերաբերմունքը ես բազմիցս եմ նկարագրել: Բայց ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ Միխայիլի ազգականներին՝ ինչո՞ւ նրանք այդ ժամանակ աղջիկներին չեն պաշտպանել: Ինչո՞ւ են նրանց համար հիմա առավելագույն խիստ պատիժ պահանջում: Ես նրանց մասին շատ բան եմ լսել ուրիշներից, բայց մի բան է խոսակցությունը: Այսօր հասկացա՝ նրանք ավազակներ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մերկաչեւան:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Առաջին ալիքով Խաչատրյան քույրերի մասին թողարկումից հետո իրեն է մոտեցել Խաչատրյանի զարմիկը՝ Արսենը, եւ սկսել սպառնալ:
«Ես սկսեցի բարձրաձայն խոսել. «Դուք ինձ սպառնո՞ւմ եք», գրավելով անվտանգության աշխատակիցների ուշադրությունը: Մոտ վազեցին աշխատակիցները, բայց հայտնվեցին նաեւ հորաքույրը, ինչպես նաեւ տատիկը (ինչպես հասկացա Միխայիլ Խաչատրյանի մայրը) եւ հարձակվեցին վրաս»,- հայտարարել է Մերկաչեւան:
Ընդ որում՝ նա հայտնել է, որ «նրա մասին ոչ մի անգամ ոչ մի տեղ չի խոսել»:
«Իսկ եթերում ես նրան երկու հարց տվեցի. «Դուք ձեր հորեղբորից փող ստացե՞լ եք: Նա ձեզ նյութապես օգնո՞ւմ էր: Ո՞ւմ է բաժին հասնելու ժառանգությունը, քանի որ աղջիկներն անմիջապես հրաժարվել են այդ իրավունքից»: Արսենն ինձ սպասում էր փողոցում: Հարցրեց. «Ոստիկանություն դիմում գրելո՞ւ ես»,- նշել է լրագրողը՝ խոստովանելով, որ հիմա մտածում է, թե ինչպես վարվի:
Խաչատրյանների գործը
Աղմկահարույց սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. ըստ քննության՝ երեք քույրերն իրենց հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան փողոցի իրենց տանը:
Սկզբում ձերբակալվածներին տեղավորել են մեկուսարանում, այնուհետեւ մեղմվել է խափանման միջոցը՝ «որոշակի գործողություններ կատարելու արգելք»: Հունիսի կեսին քննությունը Խաչատրյան քույրերին մեղադրանք է ներկայացրել հնարավոր որակումներից ամենածանրով՝ նախնական համաձայնությամբ անձանց խմբով կատարված սպանություն: Աղջիկներին սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ փաստաբանները հայտնել էին, որ քննությունը որակումը թողել է անփոփոխ, չնայած հաստատվել է, որ քույրերն ապրել են «բազմաթիվ տարիներ հոգեկան վնասվածքներ պատճառելու պայմաններում»:
Պաշտպանական կողմի կարծիքով՝ մի քանի տարի հայրը՝ Միխայիլ Պաչատրյանը դուստրերին պարբերաբար ծեծել է եւ «սեռական բռնություն կիրառել»: Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում:




























