Ես հավասարակշռված մարդ եմ, երբեւէ չեմ ունեցել խնդիր, դրանից հետո էլ փորձեցի իրենից հասկանալ՝ ինչու վիրավորեց, սակայն ապարդյուն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի նախկին փոխմարզպետ Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով իր եւ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ ունեցած միջադեպին։ Նշենք, որ մամուլում լուրեր էր տարածվել, թե Դավիթ Գեւորգյանը մարզպետարանում քննարկման ժամանակ փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին անվանել է «հոգեկան հիվանդ», եւ դուրս է հրավիրել։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անահիտ Սարգսյանը ազատվեց Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Սարգսյանը հաստատեց, որ այդպիսի միջադեպ եղել է, եւ, որ ինքը մինչեւ հիմա չի հասկացել՝ ինչու մարզպետը նման կերպ վարվեց իր հետ։ Նա ասաց, որ իր նոր աշխատանքի հարցն այս պահին քննարկվում է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում. «Դեռ քննարկման փուլում է, երբ աշխատանքի անցնեմ՝ կտեղեկացնեմ։ Իսկ մարզպետարանում աշխատելը բացառվում է, ոչ։ Ես ինքս իր հետ լարում երբեք չեմ ստեղծել, եւ չեմ հասկանում՝ իր այդպիսի քայլերի դրդապատճառը, գուցե լարումն իր մեջ է եղել»։
Դիտարկմանը՝ գուցե ինքը հրահրե՞լ է մարզպետին, որ նման կերպ վարվի, Սարգսյանն ասաց՝ «բացառված է». «Ես հավասարակշռված մարդ եմ, երբեւէ չեմ ունեցել խնդիր։ Դա իր խնդիրն է, ինքն էլ թող բացատրի։ Ես դրանից հետո փորձեցի իրենից հասկանալ՝ ինչու ինձ վիրավորեց, սակայն ապարդյուն, ու ոչ երիտասարդ եմ, որ ավելորդ բաներ կամ գործողություններ ցույց տամ»։
Անդրադառնալով պաշտոնից ազատմանը՝ նախկին փոխմարզպետն ասաց, որ Դավիթ Գեւորգյանն ամեն ինչ գաղտնի է արել. «Ես տեղյակ չեմ էլ եղել, որ ազատված եմ պաշտոնից։ Ես անգամ չգիտեմ, թե հիմքը ո՞րն էր»։





























