Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, այսօր` հուլիսի 2-ին որոշում է կայացրել անփոփոխ թողնել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործից անջատված մասով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

Վիկտար Մարտիրոսյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու հարցում բնապահպանության նախկին նախարարին օժանդակելու և փողերի լվացման մեջ: Նրա, ինչպես նաև կաշառքի գործով մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի գործը վերջերս անջատվել է կաշառքի վերաբերյալ բուն գործից ու ուղակվել դատարան: Գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանն անդրադառնում է մեղադրյալների խափանման միջոցի հարցին, և երեկ դռնբաց դատական նիստով քննվել է այդ հարցը:

Խափանման միջոցի հարցի քննությանը նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ: Որպես գրավի չափ Մարտիրոսյանի պաշտպաններն առաջարկել էին 20 մլն դրամ, որը սակայն դատարանը մերժել է։

Հրանտ Անանյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր առկա չեն։ Ըստ նրա՝ ողջամիտ հավանականություն չկա, որ Վիկտոր Մարտիրոսյանը  ազատության մեջ մնալու դեպքում կարող է գործով անցնող անձանց վրա ներազդել:

Նա նշեց, որ իր  պաշտպանյալը գիտությունների թեկնածու է, հարգված մարդ, բազմաթիվ հոդվածների ու մենագրությունների հեղինակ և նման պայմաններում քննությունից թաքնվելու վտանգ չի կարող լինել։

Պաշտպանը նշեց, որ իրենք դատարանին նաև կրթության ոլորտի մի շարք հեղինակավոր անձանց, ազգային հերոսների երաշխավորագիր-նամակներ են ներկայացրել, որոնց թվում եղել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Նամակ-երաշխավորություններ տված անձինք դատարանին հայտնել են, որ անձամբ ճանաչում են Մարտիրոսյանին, երաշխավորում , որ նա ազատության մեջ մնալու դեպքում չի թաքվի քննությանից, հակաիրավական վարքագիծ չի դրսևորի, սակայն նման պայմաններում դատարանը մերժել է իրենց միջնորդությունը:

Դատարանը համարել է, որ անձնական երաշխավորությունն հիմք չի կարող հանդիսանալ Մարտիրոսյանի վարքագիծը կանխորոշելու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար: Այսինքն Վիկտոր Մարտիրոսյանն նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, ապա` օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: