Ներդրումային միջավայրի տեսանկյունից չեմ կարծում, որ երկուտոկոսանոց հարկային արտոնություններն էական փոփոխություն են մտցնելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Դա չի նշանակում, որ նրանք ունենալու են վնասակար ազդեցություն, հաստատ որեւէ մեկին չեն խաթարի, որ նա ներդրում ունենա, բայց հարկային օրենսգրքով տրված թե՛ շահութահարկի, թե՛ եկամտահարկի արտոնություններն էական ներդրումների գեներացիա չեն անի, սա այլ խնդիր է եւ հիմնականում այլ խնդիրների հետ է կապված։ Կարեւորագույն մասնիկը շուկայի չափն է, դրանից բացի կան իրավական կարգավորումների, դատարանների եւ այլ խնդիրներ»,-նշեց նա:

Հարցին՝  թվային ցուցանիշներով գործող կառավարությունն արդյոք ավելի լա՞վ է աշխատում, քան նախորդ կառավարությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ես հիմա պետք է այդ դատողություններն անեմ, այս կառավարության ցանկացած թվին կարելի է համադրել նախորդ կառավարության մի թիվ, ասենք՝ կառավարության 7 տոկոսը նախորդ կառավարության 9 տոկոսի հետ, սակայն կարող է նույն կերպ աշխատավարձը այստեղ ավելի բարձր լինել, քան այնտեղ: Դրա համար նմանատիպ դատողությունների մեջ ես չեմ մտնում։ Ես ասում եմ՝ եկեք նայենք տնտեսական բաշխվածքը, այդ տնտեսական բաշխվածքը եկամուտների ի՞նչ հնարավորություններ է տալիս, միջին աշխատավարձի չափն ինչպիսի՞ն է, այդ քննարկումներն եմ ուզում, որ քննարկման առարկա դառնա։ Հարց եմ տալիս, թե մենք մոտ ապագայում ինչպիսին ենք ուզում տեսնել մեր եկամուտները, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, եթե մենք ունենք 21-22 տոկոս, իմ կարծիքով, բավարար չէ, բայց ասել, թե վաղը պետք է լինի 30 տոկոս, անտրամաբանական է»։

Գործող կառավարության կողմից նվազագույն աշխատավարձի մասին հարցին ի պատասխան նա նշեց՝ հաշվարկներ է անում այդ առնչությամբ, սակայն, արդեն իսկ հարցեր կան այդ առնչությամբ առաջացած․  «Ես կարող եմ դիտարկել միջնաժամկետ ծախսերի կտրվածքով, որովհետեւ գնահատականը, որը տրված է ուղեկցող փաստաթղթում, տասնյակ միլիարդների է հասնում եւ իմ հաշվարկների նվազագույնով շուրջ 55-60 միլիարդ է, այդ գումարը բարձրացնելու համար որտեղ է, ես դեռ չեմ կարող ասել: Որոշ պատգամավորներ, նախագծի հեղինակներ ասում են, որ իրականում ծախսը լինելու է 6 միլիարդ, բայց եղած օրենսգրքի փաթեթում ես չեմ կարող վեց միլիարդը տեսնել, ես տեսնում եմ տասն անգամ ավելին: Բայց դեռ նշում են, որ աշխատանքը դեռ գնում է եւ խորհրդարանում քննարկման ժամանակ կլինի: Երբ վերջնական հաշվարկները տեսնեմ, կարող եմ ասել: Իմ կարծիքով՝ տեմպը չափից բարձր է արագանալու, բայց կրկին հաշվարկներ են, որոնք կանեմ, կներկայացնեմ»։

Ներդրումային միջավայրի մասով Վաչե Գաբրիելյանն ընդգծեց՝ էական տարբերություններ ինստիտուցիոնալ ռեժիմների տեսակետից չկան․ «Կա ավելի շատ հավատ, որ մրցակցությունն ավելի իրական է: Հավատից բացի, թվային ցուցանիշներով չափել չեմ կարող, սակայն դա չի նշանակում, որ չկա»:

Նախկին փոխվարչապետը հավելեց՝ մեծ ընկերությունների մոտ տրամադրվածության փոփոխություն չկա. «Որոշակի զանգածի, հատկապես փոքր եւ միջինի մոտ կա դրական տրամադրվածություն, հավատում են աճելու հնարավորությանը, մեծերի մոտ ես էական շարժ չեմ տեսնում: Տնտեսական աճ կա, աճի թվերը, իմ կարծիքով, որոշակի վերանայման կարիք ունեն՝ ելնելով ստվերային տնտեսության հաշվարկից, վերանայումը մեթոդաբանության խնդիր է: Այս առումով ես որոշակի ոգեւորության հետ միասին էական կառուցվածքային բարեփոխումներ, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, չեմ տեսնում, բայց միեւնույն ժամանակ սպասել, որ մեկ տարում էական բարեփոխումներ պետք է լինեն, էլի իրատեսական չեն»։

Հարցին՝ այս կառավարության հետ համագործակցում է, նա պատասխանեց․ «Ես համագործակցում եմ կառավարության հետ հնարավորություններիս չափով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պաշտոնի առաջարկ ստացե՞լ է, որին նա հրաժարվեց պատասխանել, միայն ասաց․ «Շնորհակալություն, դուք գիտեք»: