Քաղաքականությունը, նախ եւ առաջ, ռազմավարությունների, գաղափարախոսությունների, արժեքների մրցակցություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ իշխանությունը մնացել է պոպուլիզկի ճահճի մեջ, իսկ վարչապետն էլ՝ սկանդալային լրագրության տիրույթում

Քաղաքականությունը, նախ եւ առաջ, ռազմավարությունների, գաղափարախոսությունների, արժեքների մրցակցություն է:

Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա իր ազգային անվտանգության ռազմավարությունը, իր տնտեսական զարգացման եւ արտաքին քաղաքական ռազմավարությունը:

Հայաստանի Հանրապետությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է արձագանքել եւ պատրաստ լինել բազում արտաքին մարտահրավերների:

Մեզ համար ամենաէականը պետք է լինեն անվտանգության մարտահրավերները թե՛ տնտեսական, թե՛ հոգեւոր եւ թե՛ ռազմական անվտանգության տեսանկյունից:

Սակայն վերջին մեկ տարում, Փաշինյանի պոպուլիստական իշխանության առկայության պայմաններում գաղափարական-ծրագրային բանավեճը հենց Փաշինյանի կողմից մղվել է երրորդական, չորրորդական պլան:

Որեւէ լուրջ քննարկում չկա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որեւէ լուրջ օրակարգ եւ հայեցակարգ չկա Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, եւ իշխանությունները ակնհայտ ցույց են տալիս, որ հայեցակարգ չունեն:

Նույնը՝ ինչպիսի տնտեսական մոդելով պետք է Հայաստանը զարգանա, չկա:

Հոգեւոր եւ ազգային անվտանգության առումով եւս նույն պատկերն է:

Նիկոլ Փաշինյանը, չունենալով իզմեր եւ գաղափարախոսություն, ծրագիր եւ ռազմավարություն, իշխանությունը եւ քաղաքական համակարգը իջեցրել է плинтус-ից ցածր մակարդակի:

Նա, սկանդալային լրագրության ժանրին համաձայն, բոլորին պահում է իր ստեղծած ճահճի մեջ, որտեղ տիրում են բամբասանքը, ատելությունը եւ բանսարկությունը:

Այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրներից մեկը նա է,որ իշխանությունը չունի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգ, ո՛չ օրակարգ, ո՛չ էլ հայեցակարգ, չկա տեսլական:

Անկարող լինելով լողալ օվկիանոսում՝ նա քաղաքական բանավեճը տանում է դեպի իր հարազատ ճահիճ, ուր տիրում են անձնական հաշիվները, բանսարկությունն ու սկանդալային ելույթները,ուր չկա բովանդակություն, բայց փոխարենը՝ լիքը շոու:

Այս պայմաններում, ուշ թե շուտ, բոլորը կհամոզվեն, որ Փաշինյանն ու նրա թիմը ավելորդ են քաղաքական համակարգում, քանի որ չունեն իզմեր եւ բովանդակություն»,-նշել է նա։