Տեղական տնտեսվարողների շրջանում առևտրի ֆինանսավորմանն ուղղված արդի լուծումների խթանման նպատակով այսօր՝ հուլիսի 4–ին, «Էյչ–Էս–ԲԻ–Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ն (HSBC Հայաստան) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ն (ՀԱԱԳ) կազմակերպել էին բիզնես նախաճաշ, որին մասնակցում էին ներմուծում և արտահանում իրականացնող մի շարք ընկերությունների, ինչպես նաև HSBC Հայաստանի կորպորատիվ բիզնեսի և ՀԱԱԳ–ի ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկեցին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում իրենց հուզող խնդիրները, միջազգային առևտրի կազմակերպման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև ծանոթացան այս ոլորտում HSBC Հայաստանի և ՀԱԱԳ–ի փորձին (ֆոտոռեպորտաժ)։

«Էյչ–Էս–ԲԻ–Սի Խմբի հիմնական առաջնահերթություններից է միջազգային առևտրի ապասարկումը նորարական գործիքների միջոցով։ Այս շրջանակում HSBC Հայաստանը նպատակ ունի խթանել արտահանումը՝ օգտագործելով Էյչ–Էս–ԲԻ–Սի Խմբի կողմից առաջարկվող արդի լուծումները։ Այսպես շեշտը դնելով առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքների վրա՝ HSBC Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել և զարգացնել իր դիրքերը Հայաստանում»,– ողջույնի խոսքում նշեց HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը։

HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանի խոսքով՝ Առևտրի ֆինանսավորման գործիքների շնորհիվ տնտեսվարողները կարող են մուտք գործել միջազգային շուկա։

«Այս ֆինանսավորման շնորհիվ տնտեսվարողները կարող են ձեռք բերել կայուն և փոխշահավետ գործընկերային կապեր, գնահատել և հակազդել առկա ռիսկերին փոփոխվող բիզնես միջավայրում։ Առևտրի ֆինանսավորման ծառայությունների նկատմամբ պահանջարկն առկա է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ծառայություն մատուցող ընկերություններից մինչև երկարաժամկետ կապիտալ ներդրումներ պահանջող ենթակառուցվածքային ծրագրեր»,– ասաց Արտակ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բանկերի ընդհանուր ակտիվներում առևտրի ֆինանսավորման ծառայությունների տեսակարար կշիռը բավականին ցածր է։

«Ավելի քան 154 տարի Էյչ–Էս–ԲԻ–Սի Բանկն օժանդակում է իր հաճախորդներին միջազգային առևտրի արագ և արդյունավետ կազմակերպման գործում։ Մեր նպատակն է հաճախորդներին հասանելի դարձնել առևտրային գործարքների ֆինանսավորման առավել մատչելի, արդի և արդյունավետ գործիքներ, ինչը կնպաստի նաև նրանց մրցունակության բարձրացմանը: Ունենալով գլոբալ ծածկույթ՝ մենք պատրաստ ենք աջակցել առևտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանն ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ապրանքների, ծառայությունների ներմուծման/արտահանման ժամանակակից և ամբողջական լուծումներ»,– ընդգծեց Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը։

ՀԱԱԳ-ի տնօրինության անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ողջունեց և ներկայացրեց ՀԱԱԳ-ի դերը ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների արտահանման աջակցմանն ուղղված գործունեության և արտահանման ռիսկերը նվազեցնելու գործում:

«ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների միջոցով արտահանող կազմակերպությունները հնարավորություն են ստանում էապես ընդլայնել արտահանման ուղղությունները, ձեռք բերել նոր գործընկերներ, ստանալ առանց գրավի առևտրի ֆինանսավորում՝ ավելացնելով արտադրության և արտահանման ծավալները»:

Ելնելով տեղական տնտեսության առանձնահատկություններից՝ ներկայումս Հայաստանում կազմակերպություններն օգտագործում են առևտրի ֆինանսավորման ծառայությունները հիմնականում ներմուծման ֆինանսավորման համար: Այսպես, Եվրոպական Միությունից (ԵՄ) ներմուծումների առյուծի բաժինն ընկնում է մեքենա-սարքավորումներին, որոնք ԵՄ-ից Հայաստան ընդհանուր արտահանման ծավալների զգալի մասն են կազմում: 2018 թ.-ին դրանք կազմել են ԵՄ-ից Հայաստան արտահանումների մոտ 30%-ը:

Նշենք, որ 2019թ.-ի ապրիլի 3-ին HSBC Հայաստանը և ՀԱԱԳ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ջանքերն ուղղելով տեղական տնտեսվարողների կողմից իրականացվող արտահանման խթանմանը, արտադրության ավելացմանը և համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը: