Սահմանադրական դատարանի եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջեւ այսօր՝ հուլիսի 4-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։  Հուշագրի ստորագրումից առաջ ելույթ ունեցավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որն, իր ելույթում, մասնավորապես, նշեց.  «Ուրախ եմ այսօր ՍԴ-ում հյուրընկալել մեր գերմանացի գործընկերներին, առավել քան ուրախ եմ համագործակցության սկիզբ ազդարարելուն աշխարհում 70-ից ավելի երկրներում գործող գերմանական ամենաճանաչված հիմնադրամներից մեկի՝ «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ: Իմ մասնագիտական գործունեության գրեթե ողջ ժամանակահատվածում, որտեղ էլ ես եղել եմ, բախտն իմ նկատմամբ բավական բարեհաճ է եղել՝ ես իմ կողքին ունեցել եմ գերմանական փորձագետների, գերմանական կազմակերպությունների աջակցությունը: Պետք է խոստովանեմ, որ գերմանական իրավական, քաղաքական մտքի հետ շփումներն ինձ միայն հարստացրել են, ինձ ավելի վստահ ու ուժեղ են դարձրել»:

Հրայր Թովմասյանը շեշտեց ՝ հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները. ««Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարությանը, իրավական պետությանը եւ սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը։ Այս հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները, որոնք միշտ են արդիական եղել, այսօր էլ են արդիական եւ շարունակելու են արդիական լինել»:

ՍԴ նախագահը նկատեց՝ երբեք գերմանացի փորձագետները փորձ չեն արել գերմանական փորձը որպես վերջին ճշմարտություն մատուցելու. «Գերմանական սահմանադրական իրավունքը, սահմանադրական արդարադատությունն՝ առավել եւս, վստահորեն կարող ենք ասել, որ ոչ միայն աշխարհում առաջին հորիզոնականներում են գտնվում, այլ աշխարհում այդ ոլորտում նորաձեւություն թելադրող քաղաքական եւ իրավական միտքն է: Գերմանական գործընկերների հետ աշխատանքը ինձ բերել է մի համոզման, որ երբեք գերմանացի փորձագետները փորձ չեն արել գերմանական փորձը որպես վերջին ճշմարտություն մատուցելու, այլ քեզ հետ միասին փորձել են հաշվի առնել քո երկրի առանձնահատկությունները եւ գտնել ճիշտ լուծումներ»։

Նա նշեց, որ այն հուշագիրը, որն այսօր ստորագրվում է, համագործակցության երեք ուղղություններ է մատնանշում. «Առաջինը, սահմանադրական իրավունքի ոլորտում լավագույն փորձի փոխանակումն է։

Հուշագիրը ենթադրում է նաեւ համատեղ հանրային միջոցառումների կազմակերպում, որը եւս շատ կարեւոր է: 3-րդ ուղղությունը չի զիջում իր կարեւորությամբ՝ դա ՍԴ աշխատակազմի մասնագիտական ներուժի ավելացմանը միտված միջոցառումներն են: Լավ աշխատակազմ ունենալը լավ որոշումների հաջողության գլխավոր գրավականներից մեկն է»։

ՍԴ նախագահի խոսքով՝ նմանատիպ համագործակցությունները չեն գալիս ՍԴ աշխատանքը կատարելու, բայց այն աջակցությունը, որը ակնկալում են այս համագործակցությունից, վստահաբար, նպաստելու է ՍԴ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելուն: