Գիտնականները վերանայել են ռումինական Չոկլովինա քարանձավից անհատի մահվան հանգամանքները: Նրա մասունքների տարիքը կազմում է մոտ 33 հազար տարի: Նախկինում կարծում էին, որ նրա գանգի վրա վնասվածքները հայտնվել են մահվանից հետո, սակայն ժամանակակից մեթոդները ցույց են տվել, որ դրանք հասցվել են բութ առարկայով, երբ դեռ ողջ էր, եւ հենց այս վնասվածքներն են դարձել մահվան պատճառը, փոխանցում է N+1-ը:
Համեմատաբար լավ պահպանված գանգի կափարիչը գտնվել է 1941 թվականին Հարավային Տրանսիլվանիայի Չոկլովինա քարանձավում ֆոսֆորիտ արդյունահանելիս: Տարիներ հետո հրապարակվել է գտածոյի նկարագրությամբ հոդված. մարդաբանների կարծիքով՝ գանգը կնոջ էր պատկանում, որի ճակատային ոսկորներին առկա էին մասամբ լավացած վերքերի 2 հետքեր: Այնուհետեւ գտան նոր վնասվածքներ՝ աջ գագաթոսկրի եւ քունքոսկրի ճաքեր: Այդ ժամանակ որոշեցին, որ դրանք առաջացել են անհատի մահվանից հետո: Հետո կրկին որոշեցին նրա սեռը: ԴՆԹ անալիզը եւ ներքին ականջի լաբիրինթի ձեւը ցույց էին տալիս, որ Չոկլովինայից մարդն իրականում տղամարդ է եղել: Մի շարք գիտնականներ շարունակում էին կասկածել գանգի ճաքերի ծագմանը:
Կրետեի համալսարանից Ելենա Կրանիոտիի ղեկավարությամբ մարդաբանները Չոկլովինա քարանձավի գանգի կափարիչի համակարգչային տոմոգրաֆիա են կատարել՝ վնասվածքների բնույթը պարզելու համար: Նրանք նաեւ ստուգել են, թե տարբեր հարվածներից ինչպիսի հետքեր են մնում ոսկորը նմանակող նյութից գնդերի վրա: Գնդերը մանեկենի վրա են ամրացրել գլխի փոխարեն, այնուհետեւ դրանք վնասել են 10 մետր բարձրությունից կամ հարվածել են հրաբխային ապարարի կտորով կամ բեյսբոլի մահակով: Մի դեպքում հարվածելիս գլխի փոխարեն գնդով մանեկենը դրել են կոշտ մակերեւույթի վրա, այլ դեպքերում թողել են ուղղաձիգ դիրքով, որպեսզի նմանակեն գլխի դիրքը իրական ծեծկռտուքի ժամանակ: Որոշ գնդերի խփել են մեկ անգամ, մյուսներին՝ 2 անգամ:
Առավել վաղ գտածոներն արդեն ցույց են տվել, որ վերին պալեոլիթում Homo sapiens-ների միջեւ տեղի են ունեցել դաժան միջանձնային հակամարտություններ: Այս նույն ժամանակաշրջանում էր ապրել Չոկլովինայի քարանձավից մարդը: Սակայն վնասվածքների բնույթից ելնելով՝ անհնար է 100 տոկոսով պնդել, որ մահացու վնասվածքները նա ստացել է իր նմանի հետ պայքարում. դրանցից որոշները կարող էր ստացած լինել նաեւ որսի ժամանակ: Նոր տեղեկությունների համաձայն՝ ռումինական քարանձավից անհատի գանգի ոսկորների կոտրվածքները մեկնաբանության տեղ չեն թողնում՝ նրան սպանել է մեկ այլ մարդ: Նախապատմական սպանության մասին նույնպիսի վստահությամբ կարելի է խոսել միայն իսպանական Ոսկորների քարանձավից (Sima de los Huesos) անհատի դեպքում:




























