2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցումների շրջանակներում Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ խաղը, որը տեղի կունենա հոկտեմբերի տասին Երեւանում՝ կսպասարկի Չեխիայի դատավորների խումբը։ Մրցման գլխավոր դատավորը՝ Իրժի Եխին է։ Նրա օգնականներն են Պատրիկ Ֆիլիպեկը եւ Անտոնին Կորդուլանը։ Չորրորդ դատավորը՝ Լիբոր Կովարիկն է։
Նշենք, որ հանդիպումը երկու հավաքականների համար էլ փաստացի վերածվում է դատարկ ձեւականության։ Եվրոպայի չեմպիոնները արդեն լուծել են «Մունդիալի» եզրափակիչ մաս դուրս գալու խնդիրը այն ժամանակ, իսկ մեր հավաքականին դա ոչինչ չի տալիս։ Այնուամենայնիվ, հոգեբանական տեսանկյունից անկարելի է չգնահատել Եվրոպայի չեմպիոնների դեմ հաջող ելույթը։ Հավանական է, որ Վիսենտե Դել Բոսկեն հիմնական խմբի շատ խաղացողների Հայաստան չբերի, բայց դա ոչինչ չի նշանակում եւ չի թեթեւացնում Վարդան Մինասյանի խնամակալության տակ գտնվողների կյանքը։ Հիշեցնենք, որ մրցումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը՝ 21-ին։




























