Ինգուշեթիայում 7-ամյա աղջկա են գտել խոշտանգումների սարսափելի հետքերով: Երեխայի զննման հոլովակը հրապարակել է Baza Telegram ալիքը:

Նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ սպիներ, կտրվածքներ, այրվածքներ եւ կծոցներ: Վնասվածքների մի մասը վերջերս է պատճառվել, մնացյալն արդեն ապաքինվել են եւ սպիացել, փոխանցում է Lenta-ն: 

Ալիքի տեղեկություններով՝ ծնողների մահից հետո աղջկան մեծացնում էր հորաքույրը: Նա վնասվածքները բացատրել է նրանով, որ երեխան ընկել է կոյուղու հորը, իսկ 3 ամիս առաջ նստել է բորշով կաթսայի մեջ:

Հանրապետության առողջապահության նախարարությանը վկայակոչելով՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հիմա աղջկան շտապ վիրահատում են: Բժիշկները վերականգնում են նրա ձեռքի արյան շրջանառությունը՝ անդամահատումից խուսափելու համար: Դրանից հետո երեխային կուղարկեն Մոսկվա բուժվելու: Ինգուշեթիայի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: