Ցանկացած միջազգային համաձայնագիր կամ կոնվենցիա վավերացումից առաջ պետք է անցնի Սահմանադրական դատարանով, որը պետք է որոշի, թե արդյոք այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը թե ոչ: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվերցիային, որը Հայաստանը ստորագրել է դեռեւս նախորդ իշխանության ժամանակ, սակայն այն դեռեւս չի վավերացվել:
«Մենք կունենանք ՍԴ դիրքորոշումը, որից հետո փաստաթուղթը կարող է ավելի լայն քննարկման առարկա դառնալ:
Ես տեսա, որ Գեւորգ Դանիելյանն էր ներկայացրել իր մտահոգությունը: Ես նրան համարում եմ իրավունքի ոլորտում հեղինակավոր մասնագետ եւ իր մտահոգությունները պետք է առնվազն հաշվի առնել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ):
Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական»,-նշել էր նա:
Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Գեւորգ Դանիելյան





























