Պուշկինի փողոցի շենքերից բակերից մեկում հուլիսի 7–ին տեղի ունեցած միջադեպը ծագել է բակում միզելու համար դիտողություն անելու պատճառով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց նախօրեին որդիների հետ ոստիկանություն բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ն սեփականատեր Մանվել Ղազարյանը։
Վերջինիս խոսքով, այն տեղեկությունը, թե իր որդիներն են հարձակվել երիտասարդների վրա՝ իրականությանը չի համապատասխանում։
«Կեսգիշերին տղաներս մտել են բակ, տեսել են ինչ–որ մարդիկ պետքերն են հոգում, մեկը միզում է այնտեղ ու անգլերեն է խոսում։ Մտածում են օտարերկրացիներ են, անգլերեն հարցնում են, բայց իրեն հայերեն են պատասխանում, մերոնք հարցնում են, թե ինչու՞ ես սենց բան անում, չէ՞որ սա մեր շենքի մուտքն է, ողջ շարժը էստեղով է լինում, սրանք էլ փոխանակ ներողություն խնդրեն, իրենց ագրեսիվ են պահում, սկսում են միմյանց ծեծել, երկու կողմն էլ երիտասարդներ են դե»,–պատմեց նա։
Ղազարյանի խոսքով՝ նախքան իր ժամանելը վիճաբանություն ավարտված է լինում.
«Ես եկա՝ հանգստացրեցի, հետո ոստիկանները եկան ու բոլորիս տարան, երեք ժամ մնալուց հետո տուն եենք վերադարձել։
Մանվել Ղազարյանը նշեց, որ ոստիկանությունում կատարվածի առնչությամբ դեռ բացատրություն չեն տվել։
Ավելի վաղ Shamshyan.com–ը գրել էր, որ հուլիսի 7–ին ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:
Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից: Կայքի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:
Կայքի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են:
Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։




























