Մեր քաղաքացիները այս դեպքից հետո տեսան, թե ինչքան անզոր են նրանք անգամ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ փաստ չկա, թե քանի վարորդական վկայական են գնել. «Վերլուծենք 2008 թվականից առ այսօր ինչքան վարորդական վկայականներ են տրվել, որ մասն է վաճառվել եւ դասեր քաղենք անցյալից, ոչ թե վկայականները հետ վերցնենք, այլ պարզապես հետ վերադառնանք Սովետական միության այն չափանիշներին, որ պարտադիր մեքենայում պետք է լինեն հակահրդեհային համակարգեր, բուժօգնություն իրականացնելու համար, շտապօգնություն կատարելու համար բժշկական միջոցներ։ 20-30 տարի է անցել, դեռ մենք պետք է միգուցե հավելյալ այլ սարքավորումներ ունենանք, նայեք տեխնիկան ինչպես է զարգացել, որ ունենանք մեքենայի մեջ, որ կարողանանք հրդեհը հանգցնել»։

Նա շեշտեց՝ բոլոր վարորդները պետք է գնան դասընթացների. «Դիմում եմ վարչապետին, բոլոր նախարարներին բոլոր 500 հազար վարորդը պարտադիր պետք է անցնեն բուժօգնություն եւ հակահրդեհային համակարգերով տիրապետելու գործընթացներին։ Մնացած երթեւեկության կանոնները կամ էթիկայի կանոնները սովորելն այլ հարց է։ Վարչապետին կից պետք է նորից ստեղծել երթեւեկությունը կանոնակարգելու հանձնաժողով։ Մենք բոլորս ազգովի նորից պետք է գնանք դասընթացների»։

«Իրավունքի սահման» ՍՊ ընկերության փաստաբան Լիպարիտ Սահակյանը հավելեց, որ պետք է համակարգային վերլուծություն կատարել վթարների հետ կապված. «Պետք է լինեն մասնագետների կողմից առաջարկություններ, պետք է հասկանանք դրանք  ծնող պատճառները, հասկանանք ինչի արդյունքում է հրդեհ եղել, եւ ինչու հրդեհը չէր հանգում, այլ հակառակը, ավելի էր տարածվում։ Մենք բարձր տեխնոլոգիաների դարում ենք ապրում, եւ այսօր կան մեքենաներ, որոնց մեջ այդ տեխնոլոգիաներից իր մեջ ներառում է։ Մարդիկ աշխատում են 12 ժամով եւ մի կերպ հասցնում են, հոգնում են, եւ այպիսի ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում էլ լինում են այսպիսի վթարներ։ Պետք է մասնագետները առաջարկները լսենք, որպեսզի այսպիսի վիճակներ չլինեն»։