Մենք 25 հայտ ենք ներկայացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ պեղումների թույլտվություն ստանալու համար։ Այդ հայտերի շրջանակում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ 30 օբյեկտներում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Նա ավելացրեց, որ այս պահին աշխատանքներ են ընթանում Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում։ Այստեղ իրականացվում են աշխատանքներ ժայռահամալիրում, որը բաղկացած է դամբարանից եւ պաշտամունքային հատվածից, որը ծիսական նշանակություն է ունեցել Վանի թագավորության շրջանում։ Բացի այդ,  վերջերս սկսվել են պեղումներ Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում, աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, ինչպես նաեւ Ղարաբաղում։

Պավել Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատանքներ են իրականացվում համատեղ ֆինանսավորմամբ, եւ եթե պեղումներին մասնակցում են այլ երկրների ներկայացուցիչներ, ապա յուրաքանչյուր կողմը համաֆինանսավորոււմ է ծախսերի որոշակի մաս։ «Իսկ եթե պեղումներն իրականացնում ենք մենք, ապա աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաեւ ինստիտուտի բյուջեից։ Օրինակ, ներկա պահին Արտաշատում կատարվում են աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են հենց այդ սկզբունքով։ Բացի այդ, փող են տալիս նաեւ տնտեսվարող սուբյեկտները, որտեղ իրականացվում են աշխատանքները։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել է 14 մլն դրամ իր տարածքում նախագծի իրականացման համար։ Իսկ ինստիտուտի ծախսերը դաշտային աշխատանքների մեկ տարվա համար կազմում են 45-50 մլն դրամ։ Դա միայն գումարի մեկ տասներորդ մասն է, որը կծախսվի բոլոր նախագծերի վրա»,- ասել է նա։

Միաժամանակ, տնօրենը նշել է, որ գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ համապատասխան պայմանների բացակայությունը, մասնավորապես՝ հաստատության շենքի պայմանների տեսակետից։ «Համալիր աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան աշխատասենյակներ եւ լաբորատորիաներ, որպեսզի կարելի լինի ամփոփել դաշտային աշխատանքների արդյունքները։ Նախկին իշխանությունների օրոք մեր դիմումները մնացել են անարձագանք։ Հույս ունենք, որ ներկա իշխանությունների օրոք խնդիրը կլուծվի։ Շուտով մենք կդիմենք իշխանություններին այս հարցով»,- ասել է գիտնականը։