ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի N 407 գործարան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն  այցելել է Մինսկի քաղաքացիական ավիացիայի  N 407   գործարան:

Գործարանի գործադիր տնօրեն Եվգենի  Վայցեհովիչը նախարար Սուրեն Պապիկյանին  ներկայացրել է  գործարանի պատմությունը եւ ընկերության ներկայիս գործունեությունը։ Նախարարին տեղեկացվել է, որ գործարանը գործում է 1953 թ-ից։  2018թ․ ավարտվել է գերմանական փորձի հիման վրա կառուցվող անգարի՝ ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման եւ պահպանման շինության շինարարությունը, եւ գործարանը տեղափոխվել է  Մինսկի ազգային օդանավակայանի տարածք։

Շրջայցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ավիացիոն տեխնիկայի վերանորոգման տեխնոլոգիաներին, ավիացիոն շարժիչների եւ սարքավորումների արդիականացման հնարավորություններին, ուսումնասիրել է սպասարկվող ինքնաթիռների վնասված մասերի եւ սրահների վերանորոգման աշխատանքները։

Նախարարի հարցին, թե ինչ տեսակի օդանավեր է սպասարկում ընկերությունը, գործադիր տնօրենը հայտնել է, որ այն ներկայումս հանդիսանում է ԱՊՀ եւ հետխորհրդային  տարածքի երկրներում Як-40, Як-42, Як-52, Ту-134 ինքնաթիռների վերանորոգման, արդիականացման ծառայություններ մատուցող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների առաջատարը եւ միտված է գործունեության հետագա ընդլայնմամբ սպասարկել ինչպես նշյալ երկրների, այնպես էլ արեւմտյան ավիաընկերությունների օդանավեր։

Նշվել է նաեւ, որ գործարանի տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան եւս մեկ շինություն, որտեղ անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում հնարավոր կլինի ներկել ինքնաթիռի արտաքին երեսը եւ արդիականացնել օդանավերի սրահները։