Հրապարակվել են Սիլիվիո Բեռլուսկոնիի՝ Միլանի մերձակայքում գտնվող վիլլայում կազմակերպված «բունգա-բունգա» անվամբ օրգիայի առաջին լուսանկարները, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով բրիտանական The Daily Telegraph-ին։ Ֆայլերը գտնվել են սիրառատ վարչապետի վիլլայում եղած կանանց նոութբուքերում եւ լուսանկարչական ապարատներում։

Դրանցում պարզորոշ երեւում է միայն 32-ամյա հեռուստաաստղ Բարբարա Գերրան, ով խաղում է համազգեստ հագնած եւ ձեռնաշղթաներ ունեցող խիստ ոստիկանի դերը։ Մյուս լուսանկարներում իրար համբուրող կանայք են։

Ակնհայտ է, որ լուսանկարների արտահոսքը տեղի է ունեցել անչափահաս մարմնավաճառի հետ Բեռլուսկոնիի կապերի վերաբերյալ գործի՝ դատախազության մարմինների կողմից հավաքագրվող դոսյեից։ Դատախազների մոտ եղած դոսյեն կազմված է 20 հազար էջից։

Բացի Ռուբի մականունով Քարիմ էլ-Մահրուբից, ով Բեռլուսկոնիի հետ հանդիպելու ժամանակ բոլորած չի եղել 18 տարեկանը, վարչապետի անկողնում են հայտնվել եւս 32 կանայք, ովքեր նրանից փող եւ թանկարժեք զարդեր են ստացել։ Ինքը՝ Բեռլուսկոնին, իմանալով այդ մասին, խոստովանել է, որ սիրում է «լկստվել» կանանց հետ, սակայն 33-ի հետ՝ այլեւս չի կարողանում։ «Դա չափազանց է անգամ 30-ամյա տղամարդու համար»,- նշել է 75-ամյա Բեռլուսկոնին։

Անչափահասների հետ կապեր ունենալու համար վարչապետի դատական  գործընթացը Միլանում կսկսվի ապրիլի 6-ին։