Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն վիրավորված է զգում վրացի գրող Զազա Բուրչուլաձեի արտահայտություններից, ով նախօրեին Քութայիսիում ստեղծագործական երեկոյի ժամանակ դիմել է լսարանին հետեւյալ խոսքերով. « Գողերին՝ կյանք, թուլեքին՝ մահ»: Այս մասին Սահակաշվիլին ասել է վրացական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Երկրի նախագահը քննադատներին խորհուրդ է տվել նայել Վրաստանի նորացված քաղաքներին, մոռանալ հին մենթալիտետը եւ առաջ նայել:
«Վարդերի հեղափոխությունից հետո» Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարը հայտարարվել է իրավապահների առաջնահերթություններից մեկը եւ հաջողությամբ իրականություն է դառնում: Քութայիսին նախկինում համարվում էր «օրենքով գողերի» քաղաք»,- ասել է Սահակաշվիլին:
Նշենք, որ ըստ վրացական լրատվամիջոցների, իր էպատաժային ստեղծագործություններով հայտնի գրող Զազա Բուրչուլաձեն Քութայիսիի օպերայի բեմից բացականչել է. «Գողերին՝ կյանք, թուլեքին՝ մահ»: Սա բացասական արձագանք է գտել ներկաների մոտ, որոնք ի նշան բողոքի լքել են դահլիճը:





























