Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է Չինաստանի տարածքում տիրանոզավրի քարացած հետք հայտնաբերել: Xinhua գործակալության հաղորդմամբ՝ գտածոն հայտնաբերվել է չինացի եւ ամերիկացի հնէաբանների խմբի կողմից Ցզյանսի նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
58 սմ երկարությամբ եւ 47 սմ լայնությամբ հետքը հայտնաբերվել է Գանչժոու քաղաքում ճանապարհի կառուցման ժամանակ: Չինաստանի աշխարհագրական գիտությունների համալսարանի փորձագետի խոսքով՝ դա տերոպոդների ամենախոշոր հետքերից է, որը երբեւէ հայտնաբերվել է Չինաստանում: Գիտնականը պնդում է, որ այն ձեւաբանորեն տարբերվում է ավելի վաղ երկրի տարածքում հայտնաբերված հետքերից եւ նման է տիրանոզավրի հետքի՝ ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգից եւ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգից:
Ավելի վաղ Չինաստանում հայտնաբերված դինոզավրերի հետքերի մեծ մասը պատկանել է Յուրայի դարաշրջանին կամ վաղ կավճային դարաշրջանին: Իսկ Գանչժոուում հայտնաբերված հետքը, ինչպես կարծում են գիտնականները, մնացել է ուշ կավճային դարաշրջանից:
Գտածոն ցուցադրվել է նախօրեին Նանյանյ քաղաքի թանգարանում: Տվյալ բացահայտումը մեծ նշանակություն ունի ուշ կավճային դարաշրջանի (սկսվել է 100,5 մլն տարի առաջ եւ տեւել 34,5 մլն տարի) ֆլորայի եւ ֆաունայի ուսումնասիրության համար:





























