Փղերը շրջակա միջավայրի վրա ազդում են այնպես, որ դա նվազեցնում է Երկրի մթնլորոտ ածխաթթու գազի արտանետումների ծավալը: Նման անսպասելի եզրակացության են եկել ամերիկյան Սենտ Լուիս համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Nature Geoscience ամսագրում:
Մի քանի արշավախմբերի ընթացքում կենսաբանները ուսումնասիրել են Կենտրոնական Աֆրիկայի տարբեր շրջաններում փղերի վարքագիծը:
«Մենք հայտնաբերել ենք, որ այդ կենդանիների արեալներում աճում են փարթամ սաղարթով ծառեր, որոնք խիտ անտառ են ձեւավորում», - պատմում է արշավախմբի մասնակից, պրոֆեսոր Սթիվեն Բլեյքը: Նման ծառերը ավելի շատ ածխաթթու գազ են կլանում՝ դրանով իսկ նվազեցնելով ջերմոցային էֆեկտը: Ըստ գիտնականների՝ տվյալ գործընթացում փոքր դեր չեն խաղում նաեւ խոշոր կաթնասունները:
«Որպես կանոն, խիտ անտառ են ձեւավորում դանդաղ աճող ծառերը, որոնք փղերի մոտ հատուկ հետաքրքրություն չեն առաջացնում, - բացատրում է Բլեյքը,-դրանց փոխարեն կենդանիները ուտում են եւ ոտնատակ են տալիս արագ աճող բույսերը՝ դրանով իսկ տեղ ազատելով նրանց «դանդաղ» մրցակիցների համար:
Մի քանի տարուց այդ տեղում առաջանում է խիտ կանաչ ծածկույթ: Կենսաբանների գնահատականներով՝ նման ծառերի արհեստական աճեցման համար առանց փղերի օգնության մարդիկ ստիպված կլինեին առնվազն 43 մլրդ դոլար ծախսել:
Այնուամենայնիվ աֆրիկյան փղերի օգտակար հատկությունները նրանց չեն պաշտպանում մարդու կողմից ոչնչացվելուց: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կայքի տվյալներով դրանք դեռեւս վերաբերում են խոցելի տեսակներին, իսկ Սեւ մայրցամաքում դրանց թվաքանակը չի գերազանցում 415 հազարը:
«Փղերը մարդկանց դուր են գալիս, բայց նրանք անխղճաբար վերացնում են նրանց: Մենք պետք է պաշտպանենք այդ ե, քանի որ նրանք կարեւոր գործ են կատարում. նվազեցնում են ածխաթթու գազի արտանետումները: Դրա համար մենք պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ», - ասել է պրոֆեսորը:





























