Հուլիսի 29-ի դրությամբ մարդկությունը սպառել է վերականգնվող ռեսուրսների ծավալը, որը մոլորակը կարող է մեկ տարում արտադրել: Այս մասին են վկայում Global Footprint Network վերլուծական կենտրոնի հետազոտութհյունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ բնապահպանական պարտքի համաշխարհային օրը գալիս է մոտ երկու ամիս շուտ, քան 20 տարի առաջ, իսկ 2019-ին այդ իրադարձությունը տեղի է ունեցել նույնիսկ ավելի վաղ, քան երբևէ: 1993-ին Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը հոկտեմբերի 21-ն էր, 2003-ին՝ սեպտեմբերի22-ը, իսկ 2017-ին ՝ օգոստոսի 2-ը:
Ըստ հաշվարկների, այժմ բնական ռեսուրսները` ջուրը, հողը և մաքուր օդը, օգտագործվում են 1,75 անգամ ավելի արագ, քան վերականգնվում են, իսկ դա նշանակում է, որ մարդկությունը բառացիորեն շահագործում է Երկրի 1.75-ը:
Գիտական աշխատանքում նշվում է նաև, որ վերականգնվող բնական ռեսուրսների չափից շատ օգտագործումը դառնում է ավելի ու ավելի շոշափելի. այն դրսևորվում է անտառահատումներով, հողի էրոզիայով, կենդանիների և բույսերի տեսակների ոչնչացմամբ և մթնոլորտում ածխաթթու գազի ավելացմամբ:
Բացի այդ, վերլուծաբանները հաշվարկել են, թե Երկիր մոլորակի նման որքան մոլորակներ կպահանջվեին մարդկության կարիքները բավարարելու համար, եթե ամբողջ աշխարհն ապրեր որպես մեկ երկիր:
Այսպիսով, սպառման ներկայիս մակարդակում մարդկանց պետք կլիներ 3.2 մոլորակ, եթե բոլորն ապրեին ինչպես Ռուսաստանում, 4.1 ` ինչպես Ավստրալիայում, և հինգ մոլորակ, եթե ամբողջ աշխարհը նման լիներ ԱՄՆ-ին: Սակայն, եթե ամբողջ մարդկությունն ապրեր ինչպես Հնդկաստանում, ապա դրա համար բավարար կլիներ Երկրի 0,7-ը:





























