Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում 2-ամսյա կալանքի վճիռ է կայացրել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Նրան տեղափոխել են «Երեւան Կենտրոն» մեկուսարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 24-ին դատարան էին բերել Թամամյանին, որտեղ պետք է քննվեր նրա խափանման միջոց կիրառելու հարցը: Դատարանին հատուկ քննչական ծառայությունը միջնորդելու է, որպեսզի Հովհաննես Թամամյանի նկատմամբ կայացվի երկամսյա կալանավորման որոշում:
Դատավորը Մխիթար Պապոյանն է:
♦ «Հրապարակ».Թամամյանը զբաղվել է «գործերն» իր ուզած ուղղությամբ ծռելով
Հիշեցնենք, որ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Այս առնչությամբ, Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է. «Նշված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված ներկայումս Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ»:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























