ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սեւանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման նպատակն է՝ գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել եւ վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առեւտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ եւ հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաեւ սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը: Սեւանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլեւ՝ թափանցիկ, օրինական: Հետեւաբար, ՊԵԿ-ը եւս մեկ անգամ հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը:

Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սեւանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել. «Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել է շուրջ 90 տոկոս իրացման ծավալների աճ, ինչպես նաեւ հարկային վճարումների շուրջ 100 տոկոս աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ եւ պարտաճանաչորեն կատարում են»:

Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու սպառիչ պատասխաններ ստացել: Բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շտկել թերացումները: