ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է լոյալություն գնի, եւ նա Ձեզ նման սիրալի գործընկերներ է գտել Գերմանիայում եւ Եվրոպայի այլ մասերում: Նման կերպ է շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն իր նամակում դիմել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասին:
«Պուտինը պետք է լոյալություն գնի, եւ նա Ձեզ նման սիրալի գործընկերներ է գտել Գերմանիայում եւ Եվրոպայի այլ մասերում: Նա այդ քաղաքական կապիտալն օգտագործում է այնպիսի հաստատություններում, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, ինչպես նաեւ այնպիսի ծրագրերում, ինչպիսին է «Հյուսիսային հոսք-2»-ը, որն իրականացվում է Գերմանիայի հետ: Ձեր փողերով ֆինանսավորվում է պուտինյան ոստիկանական պետությունը: Ռուսաստանի հետ շահավետ գործարքներ կնքելու համար Ձեր կողմից օգտագործվող քաղաքական եւ տնտեսական մասնակցությունը չի արդիականացնում եւ չի լիբերալացնում Ռուսաստանը, հոսքն այլ ուղղությամբ է գնում: Ռուսաստանի խոշորագույն արտահանումը գազը կամ նավթը չեն, այլ կոռուպցիան»,- գրել է նա:
Նրա խոսքով՝ Պուտինի վրա միակ իրական ճնշումը նրա իշխանության սպառնալիքն է, իրական բարեփոխումը՝ Պուտինի հեռացումը:
«Հունիսի 5-ին ես Ձեզ պատասխանել եմ ռուսական քաղաքացիական հանրության անունից: Այժմ Ձեզ պատասխանում եմ Ռուսաստանի անունից՝ հազարավոր բանտախցիկներից, որոնք կառուցվել են Ձեր օգնությամբ: Դրանցից մեկում է գտնվում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով տառապում է հանկարծակի «ալերգիայից», որով վարակվեց ձերբակալությունից հետո»,- գրել է Կասպարովը:





























