Ճապոնացի երկու զբոսաշրջիկների, ովքեր նոր էին ժամանել  Չինաստան, անմիջապես տեղափոխել են հիվանդանոց` բարձր ռադիացիայի պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով France-press գործակալությունը։

Ճապոնիայից ժամանած զբոսաշրջիկներին տեղափոխել են հատուկ բժշկական կենտրոն։ Նրանց այնտեղ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։ Հետազոտություններից  պարզ է դարձել,  որ նրանք վտանգ չեն ներկայացնում, սակայն զբոսաշրջիկների հագուստներն ու բեռները ոչնչացվել են։ 

Թե ինչ պայմաններում են տուրիստները ճառագայթվել, հստակ չէ։

Հիշեցնենք, որ Ճապոնիայում մարտի 11-ին  8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:

Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: