Մոսկվայում ձերբակալել են Պոդմոսկովյեի բնակիչ Վլադիսլավ Սինիցային, որը սոցիալական ցանցի միջոցով հրահրում էր բռնություն գործադրել ռուսական ուժայինների երեխաների նկատմամբ, հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Մոսկվայի իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաքն անցկացվել է հուլիսի 27-ին քաղաքապետարանի շենքի մոտ։ Այն կազմակերպվել էին Մոսկվայի քաղաքային դումայի չկայացած պատգամավորները, որոնց մերժել էին գրանցման հարցում հանգուցյալ եւ գոյություն չունեցող մարդկանց ստորագրությունների պատճառով։  Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչների վրա հարձակման հատկանիշներով։

Այնուհետեւ Մաքս Ստեկլով կեղծանվամբ օգտատերը թվիթերյան գրառում էր կատարել, որում փաստացի կոչ էր արել ուժայինների երեխաների նկատմամբ բռնություն գործադրել։

Պետրենկոն հայտնել է, որ ուժայինների երեխաների նկատմամբ բռնություն ենթադրող գործողություններ կատարելու կոչով սոցիալական ցանցում հրապարակված տեղեկատվությունը ստուգելու արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ գրառման հեղինակի նկատմամբ։