Իսլամաբադն օգտագործում է բոլոր տարբերակները Հնդկաստանի իշխանությունների «ապօրինի գործողություններին» պատասխանելու համար, որոնք չեղարկել են Ջամու եւ Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը, հայտարարել են Պակիստանի ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը հրաման էր ստորագրել նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկման մասին: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է խորհրդարան:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջամու եւ Քաշմիր նահանգը վիճելի տարածք է, ինչը ճանաչվել է միջազգային հանրության կողմից:

«Հնդկաստանի կառավարության ձեռնարկած միակողմանի քայլերը չեն կարող այդ կարգավիճակը փոխել… Պակիստանը, որպես միջազգային վեճի մասնակից, օգտագործում է այդ ապօրինի քայլերին հակազդելու  բոլոր տարբերակները»,- հայտարարել են Պակիստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունից:

Ավելի վաղ պակիստանյան News պարբերականը հայտնել էր, որ Իսլամաբադը դիմել է ՄԱԿ Միջազգային դատարան՝ կապված Քաշմիրի կարգավիճակի վերաբերյալ Նյու Դելիի որոշման հետ:

Ջամու եւ Քաշմիր նահանգում, որը հնդկական միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս հանուն անկախության կամ Պակիստանի հետ միավորման: Ընդ որում՝ Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահմաններ չկան. 2 պետությունների բանակներն իրարից բաժանում է վերահսկման գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատողականներին աջակցելու մեջ: Իսլամաբադը մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար: