Երկուշաբթի Մեխիկոյում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բողոքի ակցիային մասնակիցներն այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկերող պապյե մաշեից ֆիգուրը: Այսպիսով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտել օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի Էլ Պասո քաղաքի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությանը, հաղորդում է Televisa-ն:
Ոստիկանության խիստ վերահսկողությամբ կազմակերպված ակցիային մասնակցել է 20-ից քիչ մարդ: Նրանք ԱՄՆ իշխանություններից պահանջել են ապահովել միգրանտների անվտանգությունը եւ վերջ դնել ատելություն բորբոքող հռետորաբանությանը: Ցուցարարների ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Cielo Vista առեւտրի կենտրոնի տարածքում գտնվող Walmart խանութում հրաձգությունն իրականացրել էր 21-ամյա տղամարդ: Զոհվել է 22 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել: Հարձակվողին ոստիկանությունը ձերբակալել է: Ողբերգության զոհ են դարձել 7 մեքսիկացի, եւս 6-ը վիրավորվել է: Լատինաամերիկյան երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:





























