Ադրբեջանում հարսանեկան ճաշկերույթն ավարտվել է զանգվածային թունավորմամբ եւ 89 մարդու հոսպիտալացմամբ:

Minval.az-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին Գաբալայում հարսանեկան արարողության ժամանակ:

Զարգարլի գյուղում հարսանեկան արարողությանը մասնակցած մոտավորապես 500 մարդուց 89-ը թունավորում ախտորոշմամբ դիմել է բժշկական հաստատություն:

Հոսպիտալացվածների թվում 19 կին եւ 8 անչափահաս կա: Ոստիկանության, ինչպես նաեւ Պարենային անվտանգտության գործակալության տարածաշրջանային բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն է  կատարվել, սննդի նմուշներ են վերցվել:

88 տուժողներին առաջին բժշկական օգնություն է ցույց տրվել, որից հետո նրանք դուրս են գրվել,  շարունակվում է  ստացիոնար պայմաններում մեկ տուժողի բուժումը:

Քրեական գործեր են հարուցվել «անորակ արտադրանքի պատրաստման եւ վաճառքի» եւ «անփության» վերաբերյալ, նշանակվել են փորձաքննություններ զանգվածային թունավորման պատճառը բացահայտելու համար: