«Թամանյանական» Երեւանի տեսքը սկսել էր փչանալ Մարկ Գրիգորյանի ժամանակներից եւ դրանից արդեն ոչինչ չի մնացել:  Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Փարիզ-էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը:

Ըստ նրա, Թամանյանը փորձել էր եվրոպական ոճի, էսթետիկայի տարրեր մտցնել մայրաքաղաքի ճարտարապետության մեջ, ի տարբերություն Գյումրիի, որը նախագծվել էր որպես արքայական քաղաք:

«Այն ժամանակվանից, երբ քաղաքի ճարտարապետ նշանակվեց Մարկ Գրիգորյանը, մայրաքաղաքի տեսքը սկսեց փչանալ: Նա սկսեց աշխատել Բաղրամյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի զարգացման ուղղությամբ, թեեւ Թամանյանի նախագծով  կենտրոնական պետք է դառնային Այգեձոր եւ Արամ Խաչատրյան փողոցները», - նշեց նա:

Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ Երեւանի «թամանյանական» տեսքը կարելի է  վերականգնել եւˊ ճարտարապետության եւˊ  ոճի տեսանկյունից, սակայն  դրա համար, նախեւառաջ, պետք է քաղաքի զարգացման հայեցակարգ ունենալ,  որը չկա, չկան նաեւ համապատասխան կադրերը:

«Այսօր ճարտարապետները մեծ մասամբ աշխատում են մոդեռն ոճով և հիմնականում ոչ պրոֆեսիոնալ:

Բոլորը ցանկանում են հասնել նրան, որ մեքենայով կարողանան արագ մի կետից մյուսը հասնել, սակայն քաղաքն առաջին հերթին պետք է կառուցվի քաղաքացիների համար», - եզրափակեց ճարտարապետը:

Նկարիչ Կամսար Օհանյանն, առաջին հերթին, ասաց, որ Երեւանի տեսքը առավել արագ սկսեց փչանալ 90-ականներին եւ բոլոր շինությունները միայն բիզնես շահեր էին հետապնդում:

«Ըստ էության, Երեւանը դադարեց վարդագույն քաղաք լինել, այժմ դա մոնոլիտ կառույցների կույտ է», - դժգոհեց նա: