Հայաստանում ոչ մի մաքրող կայան չի գործում: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ սա, ինչպես նաեւ պաշտոնյաների անգործությունն ու անտարբերությունը,- օրինակ, Հրազդան գետն են նետվում ինչ-որ յուղոտ նյութեր,- հանգեցրել են նրան, որ երկիրը բնապահպանական ճգնաժամի մեջ է: «Քաղաքացիները հայտնում են, որ կաշվի արտադրության ձեռնարկություններից արտանետվում է ինչ-որ հեղուկ, որը յուրահատուկ հոտ ունի: Նման ահազանգերը պետք է հասնեն նաեւ իշխանություններին, որոնք պարտավոր են համարժեք արձագանքել: Զարմանք է հարուցում նաեւ այն, որ խնդիրներ առաջանալիս իշխանությունները չեն դիմում Գիտությունների ակադեմիայի մասնագետներին: Մասնագետներն ու հասարակական կազմակերպություններն իրենք են նախաձեռնում ինչ-որ միջոցառումներ, սակայն իրադրությունն արդեն այնքան լուրջ է, որ առանց համակարգային մոտեցման, առանց պետական միջամտության հարցը չի լուծվի»,- նշեց նա:
Անդրադառնալով կենդանական ծագման ճարպով արագիլի աղտոտման դեպքին՝ Էվելինա Ղուկասյանը հավաստիացրեց, որ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը համապատասխան ներուժ ունի արագիլներին մինչեւ նրանց վերականգնումը պահելու, սակայն առաջին հերթին պետությունը պետք է թռչունների փրկության միջոցառումներ անցկացնի:
Բնապահպան Լյուբա Բալայանն իր հերթին նշեց, որ արագիլներին մաքրելու համար իրենք դիմել են միջազգային կազմակերպությանը, որոնց օգնությամբ հաջողվել է նրանց փրկել, սակայն այս խնդիրը պետք է լուրջ մակարդակով լուծվի, մասնավորապես՝ քրեական հարթության մեջ: «Դրանից բացի, սպառնալիքի կարող են ենթակա լինել ոչ միայն արագիլները, այլ նաեւ մյուս կենդանիները: Դրա համար անհրաժեշտ է համալիր մոնիթորիմգ անցկացնել»,- եզրափակեց նա:




























