ԱՄՆ Տեխաս եւ Օհայո նահանգներում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է արել հրաժարվել «ցանկացած առաջնորդի ատելության լեզվից, որը վախի մթնոլորտ եւ ռասիստական տրամադրություններ է առաջացնում», գրում է The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ իր հայտարարության մեջ Օբաման ուղիղ տեքստով չի նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը:

«Մենք անօգնական չենք երկրում զանգվածային սպանությունների դեպքերի առաջ: Եվ քանի դեռ մենք չենք միավորվել եւ հանդես չենք եկել պետական պաշտոնյաներին ու զենքի օգտագործման մասին փոփոխությունների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու օգտին, այդ ողբերգությունները կկրկնվեն»,- ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ում 2 ողբերգություն տեղի ունեցավ՝ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում զոհվեց 22 մարդ, Օհայո նահանգի Դեյտոն քաղաքում՝ 9 մարդ:

Ավելի վաղ Օբաման զերծ էր մնում գործող նախագահի հասցեին քննադատությունից, սակայն այժմ նա բավականին կոշտ հայտարարություն է արել: