Ֆրանսիայում աշխատողները բեռնատար միկրոավտոբուսով մահացու վրաերթի են ենթարկել կոմունայի քաղաքապետին շինարարական աղբի մասին վեճի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով France Info-ին:

Դեպքը տեղի է ունեցել անցած երկուշաբթի Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Սին կոմունայում:

Կոմունայի քաղաքապետ, 76-ամյա Ժան Միշելը՝ տեսնելով, թե ինչպես են 2 աշխատողները շինարարական աղբը մեքենայի միջից նետում ճամփեզրին, խնդրել է հավաքել այն: Նախ տղամարդիկ կատարել են խնդրանքը, սակայն երբ քաղաքապետը պահանջել է սպասել ոստիկանության ժամանմանը, որը կարող էր նրանց տուգանել, նրանք փորձել են հեռանալ դեպքի վայրից: Ճանապարհային մանեւր կաատարելով՝ աշխատողները վրաերթի են ենթարկել Միշելին՝ նրան մահացու վնասվածք հասցնելով:

Բեռնատարի վարորդն ու ուղեւորն այժմ կալանքի տակ են: Այժմ քննությունը պարզում է՝ արդյոք քաղաքապետին վրաերթի են ենթարկել դժբախտ պատահարի արդյունքում, թե՝ դիտավորյալ:

Ժան Միշելը զբաղեցնում էր կոմունայի ղեկավարի պաշտոնը 1983 թվականից: