«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները:  Այս մասին ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ մամուլի հաղորդագրությունում։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղի չտալ:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդնավակայում երբևէ ավիավառելիքի սպասարկաման հետ կապված որևէ խնդիր չի եղել»,– ասվումէ  հաղորդագրությունում:

Նշենք, որ ըստ ՏԱՍՍ-ի, «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: Ավիաընկերությունում հայտնել են, որ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք,  վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին  դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին: