Օգոստոսի 6-ին Տվերում շանսոն ոճի ռուս հայտնի երգիչ Միխայիլ Կրուգի բնակարանում քննչական փորձաքննություն է անցկացվել երգչի մահվան մեջ կասկածյալի մասնակցությամբ: Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Միխայիլ Կրուգի քույրը՝ Օլգա Մեդվեդեւան: 

Tverigrad պարբերականի տեղեկություններով՝ փորձաքննությանը մասնակցել է «Տվերի գայլեր» բանդայի անդամ, ցմահ ազատազրկման դատապարտված Ալեքսանդր Ագեեւը:

Baza Telegram-ալիքի հաղորդմամբ՝ Ագեեւը մի քանի օր առաջ խոստովանել է, որ սպանել է երգչին: Ագեեւի մասին ցուցմունք է տվել վերոնշյալ բանդայի մեկ այլ անդամ՝ Ալեքսանդր Օսիպովը, որը եւս սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված եւ պատիժը կրում է Չելյաբինսկում: Նրան եւս տեղափոխել են Տվեր:

Օսպիովը ցուցմունք է տվել այն մասին, որ հենց Ագեեւն է մասնակցել 2002թ. հուլիսի 1-ին Կրուգի սպանությանը: Ագեեւը հաստատել է նրա խոսքն ու անկեղծ խոստովանանք գրել:

Ագեեւից բացի, Կրուգի սպանությանը, ըստ քննության, մասնակցել է «Տվերի գայլերի» մեկ այլ անդամ՝ Դմիտրի Վեսելովը: Վերջինիս սպանել է երգչի հետ մտերիմ Ալեքսանդր Օսպիովը, երբ իմացել է, որ Վեսելովը մասնակցել է սպանությանը: 2014թ. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում Օսպիովն ասել է, որ զղջում է Վեսելովի սպանության համար:

Միխայիլ Կրուգին սպանել են 2002թ. Հուլիսի 1-ին Տվերի իր սեփական տանը: Նա շանսոն ոճում ռուսաստանյան ամենահայտնի կատարողներից էր: