Վերին Լարս հսկիչ անցակետում, որը գտնվում է Ռուսաստանը Անդրկովկասի երկրների հետ կապող Ռազմական -Վրացական ճանապարհի հյուսիսօիսական հատվածում, վրացական կողմում իրականացվող   վերանորոգման աշխատանքների պատճառով ավտոմեքենաների մեծ հերթ է առաջացել:

Այս մասին հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ վերջին օրվա ընթացքում մուտքի մոտ ժամանել է միայն 73 բեռնատար, մինչդեռ, միջինում 250-ից 400 բեռնատարներ են ժամանում:

Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ եւ  հակառակը մինչեւ 500 տրանսպորտային միջոցների հերթեր են գոյացել: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները  չեզոք տարածքում  խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Պետք է հաշվի առնել, որ տվյալ իրավիճակը ծագել է այն պատճառով, որ ամռան ավարտին՝  արձակուրդների եւ  մրգերի և բանջարեղենի ներմուծման շրջանում անցակետը գերծանրաբեռնված է լինում:

Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կսահմանվեն օգոստոսի 7-ից  9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների բաժնի կայքում:

Ասֆալտի ծածկույթի  վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս  միջազգային նշանակության մայրուղու 94-րդ հատվածում գտնվող թունելում: Մինչև օգոստոսի 9-ը՝ ամեն օր 08: 00-ից 17: 00-ն, արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Հսկիչ անցակետը գործում է շուրջօրյա, աշխատանքը կատարվում է սովորական ռեժիմով:

Խնդրում ենք հաշվի առնել ստեղծված իրավիճակը  ռուս-վրացական սահմանը հատելու հետ կապված ուղեւորությունների ծրագրման ժամանակ: