Ընդդիմադիր «Պակիստանյան մուսուլմանական լիգա» կուսակցության ղեկավար, երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի դուստր Մարյամ Նավազը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մարյամ Աուրանգզեբին:

«Մարյամ Նավազը կալանավորված է: Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն նրան ձերբակալել է Լահորում, մեզ չեն հայտնել նրան կալանավորելու պատճառների կամ հիմնավորումների մասին»,- հայտարարել է Աուրանգզեբը:

2018 թվականի դեկտեմբերի 24-ին Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել էր 7 տարվա բանտարկության: Նրա դուստր Մարյամ Նավազը նույնպես կասկածվում էր կոռուպցիոն գործունեության մեջ, նա 2018 թվականին արդեն կալանավորվել էր, սակայն նրան ազատել էին մինչեւ գործով դատարանի վերջնական որոշումը: Օգոստոսի 8-ին Geo TV-ն հայտնել է, որ նա պետք է ցուցմունքներ տա Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյին, սակայն դրանից կարճ ժամանակ առաջ ձերբակալվել է: