Գրպանահատության գերակշիռ մեծամասնությունը՝ մոտ 95 տոկոսը, բաժին է ընկնում Երեւանին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ոստիկանության շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Երեւանում գրպանահատության «էպիկենտրոններն» են Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա, Շենգավիթ վարչական շրջանները: Բացահայտման ցուցանիշը կազմում է 40 տոկոսից ավելի, ինչը, Պետրոսյանի խոսքով,  բավականին բարձր ցուցանիշ է:

Երեւանի վարչության պետի հետախուզության գծով տեղակալ Հարություն Անոյանը հայտնեց, որ տարեսկզբից մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել է 179-ը: 2018 թվականին Երեւանում գրանցվել էր գրպանահատության 518 դեպք, բացահայտվել՝ 334-ը: Ի պատասխան հարցին՝ չարժի՞ արդյոք խորհրդային տարիների օրինակով կանգառներում եւ հասարակական տրանսպորտում փակցնել գրպանահատության համար բռնված մարդկանց լուսանկարները, Անոյանը խոստացավ այդ առաջարկի մասին մտածել: