2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուներից մեկը համարվող, Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Էլիզաբեթ Ուորրենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «սպիտակ գերակայության աջակից» է անվանել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
The New York Times պարբերականի հետ զրույցում Ուորրենը հայտարարել է, որ Թրամփն «արել է իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ երկրում ռասայական կոնֆլիկտ ու ատելություն առջացնելու համար»:
Թրամփի հասցեին Ուորրենի մեղադրանքները հնչել են Տեխաս եւ Օհայո նահանգներում տեղի ունեցած վերջին զանգվածային հրաձգությունների դեպքերի ֆոնին, որոնց արդյունքում 31 մարդ է զոհվել:
Հենց այդ դեպքերից հետո դեմոկրատները մեղադրեցին նախագահին՝ նրան տեղի ունեցածի պատասխանատու անվանելով: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Տեխասի հրաձիգն իր համակրանքն է հայտնել Դոնալդ Թրամփի նկատմամբ եւ թողել ռասիստական հայտարարություն: Էլ Պասոյում Walmart խանութում սպանվածների թվում մեքսիկացիներ կային:
Հիշեցնենք, որ նախօրեին նախագահն այցելել է 2 նահանգներ, սակայն, ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, այնտեղ նրան ընդունել են բողոքի ակցիաներով:
Դեմոկրատները բազմիցս քննադատել են Թրամփին ռասիզմի դրսեւորման համար: Վերջերս նման կերպ գնահատեցին նրա հայտարարությունը իսպանական եւ արաբական ծագմամբ կոնգրեսականների խմբի մասին:





























