Վենեսուելան ՄԱԿ կուղարկի  ԱՄՆ պատժամիջոցների դեմ միլիոնավոր քաղաքացիների ստորագրած նամակը, ասել է նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հրամանագիր  էր ստորագրել ԱՄՆ-ի իրավասության ներքո գնտվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման մասին՝ այդ ցանկում ներառելով երկրի կենտրոնական բանկը և պետական PDVSA նավթային ընկերությունը:

Բացի այդ, հրամանագիրը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնք աջակցություն, ապրանք կամ ծառայություններ են մատուցում պատժամիջոցների ցանկում ներառված ցանկացած անձանց, այդ թվում ՝ Վենեսուելայի իշխանություններին:

 «Սա մանիֆեստ է ՄԱԿ-ի, գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համար, որը մենք կուղարկենք միլիոնավոր վենեսուելացիների ստորագրությամբ», - ասել է Մադուրոն:

Նա եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ է արել միանալ բողոքի ակցիաներին, որոնք կանցկացվեն օգոստոսի 10-ին Վենեսուելայում՝ ԱՄՆ ագրեսիվ քաղաքականության դեմ:

«Միացեք: Վենեսուելան ապագայի իրավունք ունի, իր ինքնորոշումը  հարգելու իրավունք ունի, վենեսուելացիների խնդիրները պետք է լուծվեն իրենց կողմից, ոչ ոք իրավունք չունի միջամտել եւ ամենաքիչը Դոնալդ Թրամփը», - նշել է նախագահը:

Չորեքշաբթի Մադուրոն ամբողջ աշխարհի մարդկանց կոչ է արել օգոստոսի 10-ին դուրս գալ փողոց եւ դեմ արտահայտվել ԱՄՆ կողմից երկրի շրջափակմանը, նախագահը նույնպես կմասնակցի ակցիային: