Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպը բոլշեւիկյան սադրանք էր հեղափոխական սպիտակների կողմից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

«Չփորձեն մեր եռագույնը պղծել ու նոր գույներ տալ, որովհետեւ սեւերն ու սպիտակները, որ լավ քերում ես, տակից բոլշեւիկյան կարմիր գույնն է գալիս:

Երեկվա միջադեպը բոլշեւիկյան կազմակերպված սադրանք էր։ Էտ էլ հո նո՞ր հեղափոխական սպիտակներն էին։ Փոխանակ անդրադառնան նրան, թե իրականում ի՞նչ խնդիր կա, ուղարկում են ինչ-որ մարդկանց, ովքեր կարող են մեզ մեղադրել՝ փող ստանալու մեջ։ Այդ քաղաքացուն, որ ուղարկել էին, ես իրեն մեղքում եմ, քանի որ նա մեծ սադրանքի մանրադրամ է։ Նրան քաղաքապետարանի վերանախավն ուղարկել էր կիզակետ, եւ փորձում էր այնպես անել, որ իրական հարցերը ջրի երես դուրս չգան»,- ասաց Սարուխանյանը։

Խոսելով երեկվա կազմակերպած ակցիայից, նա ասաց, որ աղբը Երեւանի քաղաքապետարան բերելը, թե տանել քաղաքի որեւէ այլ փողոց՝ բնավ տարբերություն չկա.

«Պարկերի մեջ դրած բերել ենք դրել ենք այդտեղ, եւ բնավ տարբերություն չկա՝ Մասիվում, Աջափնյակում թե Կենտրոնի փողոցներից որեւէ մի մայթին են թողում, քանի որ աղբամանները զբաղված են, միեւնույն է, ես պետք է աղբը արդեն մայթում դնեմ։ Ակցիայի իմաստն այն էր, որ հենց մայթում ենք դնում։ Քաղաքացին երբ միացավ այդ ամենը եւ սկսեց պաշտպանել քաղաքապետարանին, մենք մտածեցինք՝ ինքն էլ է աշխատակից։ Բայց երբ նա դուրս եկավ ոստիկանության բաժնից, պարզ դարձավ, որ ինքն ուղղակի քաղաքացի է»։

Սարուխանյանը նկատեց, որ նախկին քաղաքականության գործելակերպն այսօր էլ շարունակվում է, եւ խնդրի լուծումը հեղափոխության շարունակությունը պետք է լինի. «Արհեստածին սեւ ու սպիտակի են կիսել, որ բոլորի բերանները փակեն, եթե այսօրվա իշխանության մասին խոսում եք, ուրեմն հներից եք»։

Հիշեցնենք, որ նախօրեին Սոնա Աղեկյանն իր համակիների հետ գնացել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրենց հետ տանելով ավելներ եւ կանացի հագուստ, որը նրանց խոսքով՝ բերել էին քաղաքապետ Հայկ Մարությանի համար։ Ակցիայի ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ։ Մի քաղաքացի վեճի էր բռնվել ակցիա իրականացնողների հետ, որի ընթացքում, քաղաքացու խոսքով, Սոնա Աղեկյանի համակիրներից Գագիկ Սարուխանյանը հարվածել է իրեն։ Ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկել ոստիկանություն, ապա՝ ազատ արձակել։