Քաղաքային իշխանությունները աստիճանաբար կրճատում են մանկապարտեզների վերանորոգման ֆինանսավորումը: Օգոստոսի 9-ին այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ այսօր կրճատված 91 մլն դրամը միայն տեսանելի մասն է, քանի որ անցյալում եւս որոշումներ են ընդունվել մանկապարտեզների եւ այլ նախադպրոցական հաստատությունների վերանորոգման փողի կրճատման մասին:

«Ապրիլի 29-ին մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված բյուջեի մասը կրճատվել է 243 մլն դրամով, հուլիսի 12-ին՝ եւս 5 մլն-ով, հուլիսի 24-ին՝ եւս 216 մլն դրամով, օգոստոսի 1-ին՝ եւս 144 մլն դրամով (մարզադահլիճների եւ այլ հաստատությունների վերանորոգման համար) եւ 43,8 մլն դրամով (մանկապարտեզների վերանորոգման համար): Որպես փաստարկ բերվում էր այն, որ ամեն ինչ արվում է աղբի հետ կապված խնդրի լուծման նպատակով»,- նշեց նա:

Խաժակյանը նշեց, որ քաղաքի անմիջական պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն աղբահանության կազմակերպումը, այլեւ, օրինակ, տրանսպորտի եւ քաղաքաշինության խնդիրների լուծումը, ուստի պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ լուծվեն նաեւ այլ հարցեր:

Խաժակյանը հավելեց, որ անհասկանալի է, թե ինչ հրաշքի հույս ունեն քաղաքի իշխանությունները, եթե այն պայմանները, որոնք «Սանիթեքն» առաջ է քաշել, չեն կատարվելու:

«Անհասկանալի է, թե ինշխանություններն ինչով են հպարտանում, երբ լրացուցիչ միջոցներ են ծախսում աղբահանության հարցի լուծման համար: Պետք է լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագրի մի մասը եւ երկրորդ օպերատորի ներգրավել»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:

Նշենք, որ աղբի խնդրի լուծման համար Երեւանի քաղաքապետարանը օգոստոսի 9-ին հատկացրել է 1 մլրդ 726 մլն դրամ: Այս գումարի մի մասը, իսկ կոնկրետ 91 մլն դրամը հատկացվել է «Նախադպրոցական հաստատությունների վերանորոգում» ծրագրի ֆինանսավորման կրճատման հաշվին: