Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը չի ստորագրել քննչական փաստաթղթերը, հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:

Նա հրաժարվել է ստորագրել կասկածանքի մասին իրազեկումը, հարցաքննության արձանագրությունը, խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը, խափանման միջոցի մասին փաստաթուղթը:

«Ամենը, ինչ նրա նկատմամբ արվում է, անօրինականություն է»,- «Sputnik Ղրղզստանի» փոխանցմամբ՝ ասել է Սլեսարեւը:

Փաստաբանը նաեւ ասել է, որ իր պաշտպանյալին տեսել է գիշերը մոտ ժամը 1-ին: Իրենք խոսել են, իսկ հետո սկսվել են քննչական միջոցառումները: Սլեսարեւը հավելել է, որ Աթամբաեւը «լավ տրամադրություն ուներ, նա հավասարակշռված էր եւ հանգիստ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախկին նախագահը մինչեւ օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում: Նա անցնում է քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին ապօրինի ազատելու գործով: