Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր` մարտի 25-ին, տեղի է ունեցել  ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հայցով դատական առաջին նիստը:

Պատգամավորն իր հայցում նշում է, որ թերթը վիրավորել է իր անձն ու զրպարտել: Դատական նիստին Տիգրան Արզաքանցյանը չէր մասնակցում: Հայցվոր կողմի փաստաբան Վահե Հովսեփյանը դատարանին հայտնեց, որ հայցվորին հատկապես վիրավորել է «էն լակոտը», «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» եւ «ստիլյագ» բառերից:

«Իսկ եթե «ստիլյագ» բառի փոխարեն թերթում գրվեր պճնամոլ կամ տարազամոլ, դա վիրավորանք չէի՞ք համարի»,-հայցվորին հարց ուղղեց դատավորը:  «Հարգելի’ դատարան, դե գոնե մոդայիկ գրվեր»,-ի պատասխան ասաց փաստաբանը:

Բացի այդ, հայցվոր կողմը զրպարտություն է համարում պատգամավորի մասին նյութում տեղ գտած «Ինքնաթիռով գեղեցկուհիններ է տանում-բերում», «Հայտնի է` որպես կազինոների մշտական այցելու», «Շարունակ ծեծ ուտելու սովորությունը», «Ծեծ է կերել եւ ամեն անգամ ծեծվելուց հետո», «Նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել ԱԺ-ում» արտահայտությունները:

Պատասխանող կողմն ասաց, որ հայցվորի մատնանշած  վիրավորանքների ու զրպարտությունների մասին բազմաթիվ  հրապարակումներ կան նաեւ Տիգրան Արզաքանցյանի մասին  ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում տպագրված հոդվածներում: Նշված հոդվածներին ծանոթանալուց հետո դատավոր Ափինյանը, դիմելով փաստաբան Հովսեփյանին, հետաքրքրվեց, թե  «չգիտե՞ք, որ բազմաթիվ նյութեր են տպագրվել Տ. Արզաքանցյանի մասին»: Փաստաբանն արձագանքեց, թե` ոչ,  տեղյակ չէ: Դատարանը նիստը հետաձգեց մինչ ապրիլի 11-ը:

Հիշեցնենք, որ  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր,  գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» թերթին: Պատգամավորը թերթից 3 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Արզաքանցյանը գտնում է, որ թերթը այս տարվա հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրով հոդվածում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր նկատմամբ: «Երկիր»-ի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը պատգամավորի հայցը անհիմն է համարում: