Աստղագուշակ-մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը 3-րդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ մասնագետների կանխատեսումները սին է համարում եւ կարծում է, որ 2-3 տարին մեկ նման լուրեր տարածող մարդիկ ավելորդ լարվածություն ու աղմուկ են բարձրացնում։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ռուս աստղագուշակ Պավել Գլոբայի հաշվարկներով 2014-ին՝ Սոչիի Օլիմպիադայի օրերին սկսվելիք 3-րդ համաշխարհայինի թեմային։
«Նման կանխատեսումներ առհասարակ չեմ անում,որովհետեւ 3-րդ աշխարհամարտի ճշգրիտ ժամկետները ոչ ոք չի կարող նշել։ Չգիտեմ, թե ռուս մասնագետներն ինչ փաստերի հիման վրա են նման հայտաարություններ անում, սա, պարզապես, ավելորդ ուշադրություն գրավելու ձեւ է։ 2014-ին ոչ մի պատերազմ էլ չի սպասվում։ Ինչ վտանգավոր իրադարձություններ էլ որ կատարվեն, կատարվելու են 2055 թվականից հետո։
Ընդ որում, համաշխարհային մակարդակով։ Ինչպես աշխարհի բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի համար դժվար օրեր են գալու։ Բայց մինչեւ 2016 թվականը, ասել եմ եւ ասելու եմ, Հայաստանը վերելք է ապրելու, իսկ դրանից հետո սկսվելու է աստիճանական անկումը՝ մինչեւ զրո կետ։ Դրա համար էլ մի 10 տարի պետք կլինի»,- ասաց աստղագուշակը՝ չցանկանալով ավելին մանրամասնել։
Նշենք, որ ըստ ռուս աստղագուշակ Պավել Գլոբայի կանխատեսումների` այս տարին համարժեք է 1939թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարվան: Համաձայն նրա հաշվարկների՝ Երրորդ համաշխարհայինն սկսվելու է 2014թ. մարտին` Սոչիի Օլիպիադայի ժամանակ կամ դրա ավարտից առավելագույնը 5 օր անց։





























