Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին բարձրացրել է իրեն հավատարիմ ոստիկանության աշխատակիցների եւ զինվորականների կոչումները:
«Հեղափոխության առաջնորդը որոշել է բարձրացնել խաչակիրների եւ գաղութարարների դեմ հերոսական պայքարի առաջամարտիկների կոչումները», -նշվում է հաղորդագրության մեջ: Առայժմ սակայն չի հաղորդվում, արդյոք Քադաֆիի կողմից կոչման բարձրացումը ենթադրում է նաեւ գումարային ավելացումներ, գրում է Lenta.ru-ն:
Իր հերթին ամերիկյան հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչներից շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, փոխծովակալ Ուիլյամ Գորտնին մարտի 25-ին հայտարարել էր, թե իր ունեցած տեղեկություններով Քադաֆին «զինում է կամավորների ընդդիմության դեմ պայքարելու համար»: «Ես վստահ չեմ, որ նրանք իրականում կամավորներ են եւ չգիտեմ, թե քանի մարդու է հաջողվել ներգրավել: Սակայն նրա կողմից քաղաքացիական բնակչությանը դիմելու փաստը հետաքրքրական եմ համարում », - հայատարարել էր նա:
Գորտնին նաեւ նշել էր, որ միջազգային կոալիցիայի կողմից մարտի 19-ին սկսված օպերացիայի արդյունքում Քադաֆիին հավատարիմ ուժերին նշանակալի վնաս է հասցվել: «Նրա ռազմական օդանավերն այլեւս չեն թռչում, նավերը կանգնած են նավահանգստում, հրամանատարային կետերն ու բունկերներն այլեւս պիտանի չեն օգտագործման համար», - հայտարարել է փոխծովակալը:




























