Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական «Ասավալի-դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում կոչ է արել Վրաստանի իշխանություններին` բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմակայանի անվտանգության կապակցությամբ:
«Ինչպես հայտնի է` Հայկական ատոմակայանի վիճակն ամենատխուրն է, եւ այնտեղ անվտանգության որեւէ երաշխիք չկա, ինչը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա: Շեւարդնաձեն կարծում է, որ նման պայմաններում Վրաստանի իշխանությունները «պարզապես պարտավոր» են բանակցություններ սկսել` նոր արհավիրքից խուսափելու համար:
Ճապոնիայում հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո, որոնց պատճառով վթար է եղել ատոմակայանում, արդիական է դարձել ատոմակայանների անվտանգության հարցը ողջ աշխարհում:





























