Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթները դանդաղ, սակայն կյանքի են կոչվում, իսկ Հայաստանը նրա պաշտոնավարման երեք տարիների ընթացքում մեծ հեղինակություն է ձեռք բերել միջազգային ասպարեզում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 28-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը` հավելելով, որ այդ առաջընթացը որոշ մարդիկ միտումնավոր անտեսում են:

Հարցին, թե այսօր հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական վատ վիճակի հետեւանքով դատարկվող գյուղերը նույնպե՞ս մտնում էին  Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, Աճեմյանն արձագանքեց. «Ոչ, նման բան չի մտնում նախագահի նախընտրական ծրագրում: Ես ընդունում եմ, որ մենք առաջ ենք գնում դանդաղ քայլերով: Բայց դե 19 տարվա խնդիրները մի բերեք 3 տարվա նախագահի վրա բարդեք»,-ասաց Աճեմյանը:  

Անահիտ Բախշյանն էլ նկատեց, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է հայտարարել, որ մինչեւ երկիրը դուրս չկա երեք նախագահների եռանկյունուց, երկրում առաջընթաց տեղի չի ունենա: Ապա հավելեց, որ ժամանակին ՀՀԿ-ն Քոչարյանին աստվածացնում էր, հայտարարելով, «թե էս տեսակ նախագահ ենք ունեցել»: «Սերժ Սարգսյանին էլ դուք եք աստվածացնում»,-նկատեց Աճեմյանը:

«Ես՞»,-ահաբեկված հակադարձեց Բախշյանը: «Այո: Րաֆֆի Հովհաննիսյանը ինքն էր հայտարարում, որ կամ Աստված ինձ կօգնի, կամ երկրի նախագահը: Ինքը երկրի նախագահին եւ Աստծուն դրեց նույն հարթության վրա»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ո’չ, Հովհաննիսյանը նկատի ունի, որ երկրի նախագահը իր կատարած քայլերով, իր բարձրացրած խնդիրները լուծելով կօգնի դուրս գալ հացադուլից»,-Աճեմյանին հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:  

Ի դեպ, երբ ասուլիսն ավարտվեց, Կարինե Աճեմյանը այսպես ասած`զոռով սեղմեց Անահիտ Բախշյանի ձեռքը: Բախշյանն էլ անկեղծացավ, թե երբեք այդ որակի ասուլիսի չէր մասնակցել: «Էս ինչի՞ էինք այսքան բարձր խոսում, կոկորդս ցավում է»,-նկատեց Բախշյանը: Կարինե Աճեմյանը ժպիտով արձագանքեց, քանի որ, ըստ ամենայնի, նրա կոկորդը չէր ցավում: