«Նոր ժամանակներ» կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություների ստորագրմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ իրենք մասնակցելու են այն բոլոր ակցիաներին, որոնք ուղղված են այդ արձանագրությունների դեմ:
«Իշխանությունների կողմից որևէ փաստարկ չի ներկայացվում, թե ինչու պետք է ստորագրվեն այդ արձանագրությունները: Ասում են երկար սահման է, պետք է բաց լինի: Սա անլուրջ մոտեցում է, ավելի շատ կենաց: Ազգային ժողովում ստիպելու են հավանություն տալ այս արձանագրություններին, իսկ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանը պարտադրված է ստորագրություն դնելու փաստաթղթերի տակ», — ասել է Կարապետյանն ու հավելել, որ իրենք լրջորեն պատրաստվում են խորհրդարանական լսումներին:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներն ԱԺ-ում տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին: Իսկ Սերժ Սարգսյանը նույն օրը կսկսի իր այցելությունները Սփյուռքի գաղթօջախներ, որտեղ սփյուռքահայերին կներկայացնի այդ արձանագրությունները:
Այս առնչությամբ Ա. Կարապետյանն ասել է. «Եթե իրավամբ նախագահը հանդիպի Սփյուռքի ներկայացուցիչների հետ, կհասկանա, որ շատ սխալ գործ է սկսել: Սփյուռքի կարծիքը բոլորիս համար հասկանալի է. նրանք դեմ են այդ արձանագրություններին»:




























