Սկսած 1988 թվականից առ այսօր Հայաստանում չի եղել ավելի կեղտոտ ներքաղաքական իրավիճակ, քան այն, ինչ կա այսօր: Այդ մասին մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում իրար են խառնվել սեւն ու սպիտակը, եւ բոլորը փորձում են իրար վրա կեղտ նետել:
Մարտիրոսյանի խոսքով, հիմնականում բոլորը կեղտ են նետում «Ժառանգություն» կուսակցության եւ այն ուժերի վրա, որոնք իսկապես ցանկանում են անկախ լինել եւ այլընտրանք դառնալ գոյություն ունեցող ընդդիմությանը. «Միեւնույն ժամանակ, եթե Հայաստանի տնտեսությունը մենաշնորհված է, քաղաքականությունը եւս մենաշնորհված է, եւ դա վերաբերվում է ոչ միայն իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Մենք պայքարելու ենք անկախ քաղաքական դաշտի համար»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական իրավիճակին, Մարտիրոսյանը նկատել է. «Երկրի արտաքին հեղինակությունը ձեւավորվում է ներքին հեղինակության շնորհիվ»:
Ասուլիսի մյուս բանախոսը` հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը իր անհամաձայնությունն է հայտնել Մարտիրոսյանի խոսքերին. «Ավելի մաքուր իրավիճակ չի եղել, շատ հեշտ է անպատասխանատու հայտարարություններ անել»: Բադեյանը նշել է, թե ժողովուրդը միշտ էլ պետք է ընդդիմադիր լինի ցանկացած իշխանության. «Քանի որ ժողովուրդն է իսկական ընդդիմությունը»:





























